«Դետք»-ը երգերի է վերածել հայ և օտարազգի գրողների գործերը. խմբի պրոդյուսերը բացում է փակագծերը

Armenpress 19:36, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դետք» փոփ, սոֆթ, ռոք ժանրում ստեղծագործող խումբը, որի անդամներն են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը, համավարակի տարածման ընթացքում անգործության չի մատնվել. խումբը պրոդյուսեր Արման Ամպի աջակցությամբ աշխատել է՝  երկրպագուներին ներկայացնելով ինչպես նոր երգեր, այնպես էլ՝ տեսահոլովակներ:  Ստեղծագործական բուռն գործունեությունը շարունակվում է նաև հիմա: Առաջիկայում «Դետք»-ը նոր ալբոմ է թողարկելու, երգեր և մեկ տեսահոլովակ:

Նորություններին վերաբերող մանրամասները «Արմենպրես»-ի թղթակիցը բացահայտել է «ԴԵՏՔ»-ի պրոդյուսեր Արման Ամպի հետ զրույցում:

«Համավարակի տարածման ընթացքում ավելի քան քսան երգ է գրվել: Դրանցից 11-ը զետեղվել է «Լույսը բացվելիս» ալբոմում, որը հասանելի կլինի հոկտեմբերին: Ներկայացված է էլեկտրոնային փոփ, տեխնո փոփ ժանրի երաժշտություն: Երգերի երաժշտության հեղինակն Արման Պետրոսյանն է, իսկ երգերի հիմքում հայ, բրիտանացի, իսպանացի, ռուս և այլ ազգերի գրողների բանաստեղծություններն են: Նրանցից են Համո Սահյանը, Նաիրի Զարյանը, Գաբրիել Գարսիա Լորկան, Սերգեյ Եսենինը և այլք: Հեղինակների գործերն ընտրել ենք՝ հաշվի առնելով ոչ թե բանաստեղծների հանդեպ մարդկանց վերաբերմունքը, այլ նրանց ստեղծագործությունների բովանդակությունը»,-ասաց Արմանն ու ընդգծեց, որ բանաստեղծությունները ներկայացվելու են բնագրային տարբերակով: Նա հավելեց՝ ալբոմը հրապարակվելու է օնլայն հարթակներում:

Պրոդյուսերի խոսքով՝ ներառվել են նաև երգեր, որոնց երաժշտությունը հիշեցնում է 90-ականների երաժշտական ոճերը: Այդ տարիներին մեծ մասսայականություն վայելող փոփ երաժշտությունն այժմ հանրայնացնում են նաև միջազգային մեծ ճանաչում ունեցող աստեղերը, օրինակ՝ The Weeknd-ը, Dua Lipa-ն և այլք: Ըստ Արման Ամպի՝ դա պայմանավորված է նրանով, որ փոփ երաժշտության մեջ ասես առաջ գնալու տեղ չկա, և ինչպես էլ պտտվենք վերադառնալու ենք 90-ականների  փոփին, որը շատ լավն է:

«Ամբողջ աշխարհում ստեղծագործողների մի սերունդ կա, որը մեծացել է 1990-ականների երաժշտության ներքո և բնական է, որ չի կարող խուսափել այն ներկայացնելուց: Պետք է խոստովանել, որ տղաները շատ են ոգեշնչվում նաև Avtopilot հայկական խմբից, որի մասին շատ քչերը գիտեն: Խումբը ստեղծագործել է 1980-ակկաների վերջին և 1990-ականների սկզբին՝ հիանալի երգեր մատուցելով: Նրանց երգերից մեկի հեղինակային իրավունքները ժառանգաբար փոխանցվել է երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանին, իսկ հետո հասել է մեզ: Հավանաբար հաջորդ տարի այդ երգի անգլերեն տարբերակը, որի բառերի հեղինակը Տիգրան Նաղդալյանն է, կներկայացնենք երկրպագուներին»,-պատմեց խմբի պրոդյուսերը:

«Լույսը բացվելիս» ալբոմի երգերից մեկի՝ «Լույսը» սեղծագործության հիման վրա խումբն արդեն հոլովակ է ներկայացրել, որը դրական մեկնաբանությունների է արժանացել, իսկ օրեր առաջ «Դետք»-ը սկավառակում չներառված երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել Տավուշի մարզում: Երգի երաժշտությունը գրել է Արման Պետրոսյանը, իսկ բառերը՝ Վահան Կիրակոսյանը, հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը:

Արման Ամպի կարծիքով՝ հետաքրքիր գործ է ստացվել, որն անպայման պետք է հոլովակ ունենար:  «Այս տարի լրանում է խմբի հիմնադրման 5-րդ տարին, և այս երգն ու հոլովակը կապում ենք խմբի հոբելյանի հետ: Երգը սիրո կոչ է, բայց անդրադառնում է նաև մենությանը: Ցանկանում ենք ասել, որ խումբը միայնակ ոչինչ չէր կարող անել այս տարիների ընթացքում, խումբն իր տեղը գտել է այն մարդկանց՝  երաժիշտների, ռեժիսորների, պրոդյուսերների, լրագրողների և այլոց շնորհիվ, որոնք աջակցել են «Դետք»-ին»,-ասաց Արմանն ու հավելեց, որ առաջիկայում ևս մեկ երգ են ներկայացնելու, որը կոչվում է «Մարս»: Այն սիրային գործ է՝ ուրախ և զվարճալի:

«ԴԵՏՔ» խումբը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am