Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով ՀԿ-ն խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ

Armenpress 12:37, 20 Սեպտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 20  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում բնակվող 220 առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ծրագիրն իրականացվում է «Կարիտաս Ինսբրուկ»-ի, Տիրոլի (Ավստրիա) իշխանությունների ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է. խոցելի ընտանքիները ստացել են իրենց հասանելիք փաթեթները: «Բավական մեծ՝ մոտ 60 հազար դրամ արժողությամբ փաթեթները ծրագրի շահառուները կստանան 2 անգամ: Ի դեպ, շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով, իսկ գլխավոր նախապայման է հանդիսացել ընտանիքների բազմանդամ լինելը և համավարակի պատճառով աշխատանքը կորցնելը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Իննա Մաղաքյանը՝ հավելելով, որ շահառուներն  արդեն ընտրված  են:

Փաթեթների տրամադրումից առաջ իրականացվել է տվյալ ընտանիքների կարիքների գնահատում:

Արմենուհի Մխոյան 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am