Մոցարտի երաժշտության ներքո Երևանի բակերից մեկում կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի գործերը

Armenpress 12:29, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոցարտը քաղաքում». այս խորագրով միջոցառման շրջանակում կմիավորվեն մեծանուն կոմպոզիտորի երաժշտարվեստն ու հայ ժամանակակից նկարիչ Արթուր Հովհաննիսյանի Forms And Reflections շարքի ուրբանիստական աշխատանքները: Համերգ-ցուցահանդեսը, որին մասնակցելու են Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ջութակահար Արամ Ասատրյանը, ալտահար Մերի Դոլմազյանն ու թավջութակահար Վահե Դանիելյանը, կանցկացվի սեպտեմբերի 23-ին «Լոֆթ»-ի բակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանն ասաց, որ վաղուց էին մտադիր համագործակցել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համավարակի տարածման պայմաններում նվագախումբը չի կարող համերգներով հանդես գալ մեծ տարածքներում, և ես առաջարկեցի մեր բակում հյուրընկալել նվագախմբի երաժիշտներին, իսկ ինչո՞ւ «Մոցարտը քաղաքում», քանի որ Արթուր Հովհաննիսյանի բոլոր աշխատանքներն ուրբանիստական ոճով են: Դրանցում պատկերված է Երևանի տրանսպորտը՝ ավտոբուսները, տաքսիները և այլն»,-պատմեց Միրզոյանն ու հավելեց, որ կտավները հետաքրքիր լուսավորության ներքո ներկայացվելու են բարձրահարկ շենքերի պատերին:

Անդրադառնալով Մոցարտին`նա ընդգծեց, որ ավստրիացի կոմպոզիտորը ժամանակակից կյանքում ունի իր ուրույն տեղը, և այս բացօթյա միջոցառմամբ իրենք կոտրում են այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը պետք է ունկնդրել ակադեմիական օջախներում՝ համերգասրահներում, թանգարաններում և այլն: «Ուզում ենք ասել, որ այդ հրաշալի երաժշտությունը կարելի է վայելել բացօթյա հարթակում: Այդպես այն կարող է հետաքրքրել նաև այն մարդկանց, որոնք երբևէ չեն եղել համերգասրահում ու չեն ունկնդրել Մոցարտի ստեղծագործությունները: Ի վերջո` բակը յուրաքանչյուր մարդու համար շատ հարազատ տարածք է, քանի որ բակից հետո տունն է: Այս համերգով և ցուցահանդեսով Մոցարտին մոտեցնում ենք մարդուն, չէ՞ որ նա գալիս է բակ»,-շեշտեց «Լոֆթ»-ի ստեղծագործական ղեկավարը:

Երեկոյին կհնչեն Մոցարտի Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (դո մաժոր K285b), Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (ռե մաժոր K285) և Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (լյա մաժոր) ստեղծագործությունները: Միրզոյանը վստահեցրեց, որ հակավարակային անվտանգության և սոցիալական ապահով հեռավորությունը չխախտելու բոլոր կանոնները պահպանվելու են։

Անժելա Համբարձումյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am