30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն

Armenpress 11:56, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից  ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ   հղիության 41-րդ  շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց  տեղափոխված 30-ամյա կինը մահացել է:

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս  բարեկամից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա  են եղել քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, 18.09.2020թ. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am