1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արժեվորում են քաղաքական գործիչները

Armenpress 12:00, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով եւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեով հիմք դրվեց մեր անկախ պետականությանը։ Անկախության տանող ճանապարհը հեշտ չէր, բայց այն հնարավոր դարձավ այդ գաղափարի նվիրյալների ջանքերով եւ, իհարկե, ամբողջ հայ ազգի աջակցությամբ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է անկախության համար պայքար մղած քաղաքական գործիչների հետ։

Վերապրելով շուրջ երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած պատմական անցքերը, Գերագույն խորհրդի պատգամավոր, առաջին գումարման ԱԺ պատգամավոր Ազատ Արշակյանը խոստովանում է, որ մտավախություններ է ունեցել, որ ժամանակից շուտ անկախության բարձրաձայնելու դեպքում հակառակորդը դրա դեմ անպայման խոչընդոտներ եւ պատնեշներ կստեղծի․ «Դրա համար, երբ մայիսին քննարկվում էր հանրաքվեի ժամկետի հարցը, ես ասում էի, որ հենց ասացինք անկախություն, պետք է անմիջապես հանրաքվե անցկացնենք։ Հենց հիմա՛»։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ եւ համակարգող, ՀՀՇ վարչության առաջին նախագահ (1989 թ.), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1990-1991) Վազգեն Մանուկյանի խոսքով, անկախության արժեքը գնահատելու համար պետք է հիշել, որ աշխարհում կա 5 հազար էթնոս, որոնց մի զգալի մասը, եթե ոչ բոլորը ցանկանում են անկախ պետություն ունենալ, մինչդեռ ընդամենը 200 պետություն կա, որոնցից մեկը՝ Հայաստանն է։

«Սկզբնական շրջանում «անկախություն» բառը զգուշավորությամբ էին արտասանում, առավել եւս հրապարակայնորեն, բայց երկու տարվա ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ «մարսել» անկախության գաղափարները նաեւ դրա տարածողների՝ ԱՄԿ-ի, ԱԻՄ-ի եւ մյուսնների ջանքերով»,- նշեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, ԳԽ պատգամավոր, Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

Առաջին գումարման ԳԽ պատգամավոր, ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանը հիշում է, որ այդ օրերին բանավեճերից մեկն էլ այն էր, թե ո՞րն է Հայաստանը եւ ինչպե՞ս անվանել նոր պետական միավորը՝ Հայաստանի Հանրապետություն, թե Արեւելյան Հայաստանի Հանրապետություն։ «Դա սկզբունքային հարց էր»,- ասաց նա»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am