Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ

Armenpress 18:03, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապում է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չոբանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասաց Չոբանյանը։

Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։

«Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։

Չոբանյանը շեշտեց, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։

«Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակեց Չոբանյանը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, հետ շպրտվել: 

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել էր Չինարի գյուղի մի բնակիչ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

 

Լիլիթ Դեմուրյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am