ՊՆ-ն հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցների և նկարահանումների համար

Armenpress 17:34, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, զինված ուժերում գործում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելված են այցելությունները զորամասեր, զինվորական հաստատություններ, կառույցներ։ Սահմանափակումը գործում է նաև լրատվամիջոցների համար։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը (2021թ․ հունվարի 11-ը) չդիմել նկարահանումների իրականացման համար և ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին»,- ասված է հայտարարության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am