1000х90.jpg (78 KB)

Այգեպարը նոր շունչ է ստանում. սահմանամերձ համայնքի տների մեծ մասը վերանորոգվել է

Armenpress 17:12, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից օրեր շարունակ հրետակոծության ենթարկված՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղը շատ էր վնասվել, սակայն այսօր սահմանամերձ համայնքը նոր շունչ ու գույն է ստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այժմ այնտեղ ընթանում են վերականգնման աշխատանքներ, բոլոր տների կտուրները փոխարինվում են նոր, կարմիր թիթեղներով:

Կառավարության որոշմամբ այժմ աշխատանքներ են տարվում Այգեպարի 16 բնակելի տանը: Այգեպարում տների վերանորոգմանը զուգահեռ իրականացվել և շարունակվում են իրականացվել Այգեպարի ներքին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:

Լրագրողների համար կազմակերպված մեդիա տուրի ժամանակ համայնքի փողոցներով շրջելիս անմիջապես նկատեցինք ոգևորված, աշխույժ փոքրիկների, ովքեր ասֆալտապատ ճանապարհներով վեր ու վար էին անում հեծանիվներով, ինքնագլդորներով:

8-ամյա Րաֆֆին ասաց, որ պատրաստվում է իր հայրիկի նման զինվոր դառնալ և պաշտպանել հայրենիքի սահմանները:

«Հիմա դպրոցում եմ սովորում ու լավ եմ սովորում: Երբ մեծանամ, անպայման զինվոր եմ դառնալու, հայրս էլ է զինվոր, ինքն ինձ ու երկու քույրերիս սովորեցրել է, որպեսզի ոչնչից չվախենանք»,- ասաց փոքրիկն ու նայելով հեծանիվ քշող իր ընկերոջն, մեզ հետ կիսվեց իր թաքուն երազանքով՝ ինքն էլ է ցանկանում ունենալ:

Րաֆֆիի տնից մի փոքր այն կողմ կանգնած էին 3 այլ երեխա՝ Վարդուհին, Սառան ու Սամվելը: 9-ամյա Վարդուհին, ցանկանում է գերազանց սովորել ու ավարտել դպրոցը: Ապագայում ուզում է դիմահարդար դառնալ:

Երեքին էլ հարցնում եմ՝ արդյոք վախենում են, երբ կրակում են, ինչին ի պատասխան, Վարդուհին ասաց, որ վախենում է, Սառան գլխով բացասական նշան արեց, Սամվելն էլ նրանց զուգահեռ անմիջապես բացականչեց. «չէ՜, ես գիտեմ ոնց միանգամից պաշտպանվեմ» ու հավելեց, որ ուզում է աշխատել «Կարմիր խաչ»-ում:

Այգեպարի տներից մեկը մտանք՝ Լիդա տատիկի տունն էր, որտեղ վնասվել էին պատուհանները, պատերը: Տիկին Լիդան այդ տան մեջ իր ամուսնու հետ է ապրում: Ընդամենը մի քանի օր առաջ էլ` գիշերը, երբ քնած են եղել, պատերից մեկի մի մասը փլուզվել է:

«Հարևանի տան բակում արկն ընկել էր, մեր տունն էլ է վնասվել: Եկել են, կտուրն են վերանորոգել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Տեսել են նաև ճաքած պատերը, հույս ունեմ, որ կվերանորոգեն»,- ասաց Լիդա տատիկն ու հավելեց, որ, եթե անգամ չվերանորոգեն, ինքն ուղղակի խաղաղություն է ցանկանում:

Այգեպարի մեկ այլ բնակիչ՝ Անդրանիկ Մարգարյանին մոտեցանք այն ժամանակ, երբ տանը հարակից տարածքում ավտոտնակի պատերն էր շարում: Հայտնեց, որ տան կտուրն է ամբողջությամբ վնասվել, որն արդեն վերանորոգել են, ծածկը փոխել են:

«Արկակոծման պահին տանը չենք եղել, այլ վայրում ենք եղել, կնոջս ու 3 անչափահաս երեխայիս տեղափոխել էի ապահով վայր: 35 տարի է, ինչ Այգեպարում եմ ապրում և 5 տարեկանից արդեն այս իրավիճակն է տիրում: Այժմ կառուցում ենք մեր տները, սակայն չգիտեմ՝ վաղն ինչ կլինի»,- անկեղծացավ Անդրանիկը:

Տանը բացի կտուրից վնասվել էր նաև հատակը, կահույքը, խոհանոցի պատերը:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Գույքագրվել և հաշվառվել են նաև հրետակոծության արդյունքում վնասված ջերմոցները, ավտոմեքենաները և ընտանի կենդանիները. վնասները կփոխհատուցվեն: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Տավուշի մարզպետարանի պատվիրակությամբ ընթանում են Բերդ համայնքի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերում 2020 թվականի հուլիսյան հրետակոծությունների հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքներ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am