Որ դեպքում եւ ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․ պարզաբանում է ԱԱՏՄ-ն

Armenpress 14:45, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի   տեսչական մարմինը պարզաբանել է, թե որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱՏՄ-ի պարզաբանումը. 

«Հիմք ընդունելով ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ՝ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝

Ո՞ր դեպքում եւ ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․

 

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ, Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում, Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

 

Վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է մոտ 5 տասնյակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։

Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է

- հարկադիր պարապուրդին,

- աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն,

- վերջնահաշվարկ չկատարելուն,

- առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն,

- աշխատանքից անհիմն ազատելուն:

Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am