Կայացել է ՀՀ զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հանդիպումը

Armenpress 14:32, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակն ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության միջոցառումները: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործընկերներին այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բոլոր գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ելույթները վերաբերում էին Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցության գնահատականներին, ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերին, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին: Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Կառավարության ձեռնարկած միջոցառումներին, կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքին դիմակայման պատրաստվածությանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ռազմավարությունների մշակման ընթացքին: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am