Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց

Armenpress 13:53, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ ունի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում Կինեմատոգրաֆիայի  մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը: 

Արա Խզմալյանը նշեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Խզմալյանը հորդորեց, սակայն, արվեստի ոլորտում առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում լինել շատ զգուշավոր: 

«Ամենասկզբունքային հարցը ԱԱՀ-ի հարկի մեղմացումը կամ վերացումն է: Սա իսկապես հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ առանձին ոլորտների չտալ հարկային արտոնություններ, սա բարդացնում է հարկահավաքման գործընթացը: Բացի այդ, մենք դեռևս չունենք հստակ կանխատեսումներ, թե ավելացված արժեքի հարկի վերացմամբ ի վերջո ինչ ներդրումային միջավայր ենք ձևավորելու, ինչ մեթոդով ու սկզբունքով ենք կանխատեսում հարկի վերացման հնարավոր արդյունքները, հարցը բաց է:  Գործադիրն առաջարկում է այս առումով գուցե դիտարկել նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով ոլորտը խթանելու հավանականությունը»,-ասաց Խզմալյանը:

Նա՝ որպես ոլորտի պատասխանտու, խոսեց նաև հետագա բարդությունների մասին՝ այն առումով, որ պետք է հստակ կարողանան ձևակերպել, թե ինչու համերգային, թատերական գործունեության ասպարեզներում չեն սահմանում ԱԱՀ-ի արտոնություններ, բայց կինոարտադրության ոլորտում սահմանում են: 

«Կարծում եմ՝ օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման, օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային իմաստով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը:

Օրենքի նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ըստ էության արձագանքեց՝  նշելով, որ նախագիծը նախապես համաձայնեցված է եղել ոլորտային գերատեսչության հետ: Նա ընդունեց, որ ֆինանսական մասով կան խնդիրներ: «Ի վերջո, խոսքը հարկային արտոնությունների մասին է: Ընդունում եմ, որ առանձին ոլորտներին նման հարկային արտոնություններ տալն ինչ-ինչ առումներով ռիսկային է, սակայն այստեղ մենք պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,-նշեց նա:

Մխիթարյանը կարծում է, որ բոլորովին այլ կողմից պետք է մոտենալ կինո երևույթին: «Անընդհատ փողից ենք խոսում, թե հարկավահաքության վրա կազդի, թե չի ազդի»,-նշեց նա ու հավելեց՝  կինոն ուղղակիորեն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի, կարծում է, որ կինոյի դերը տասնամյակներ շարունակ ստորադասված է եղել:

Պատգամավորը նշեց՝ 1 տարուց ավելի աշխատել են մայր օրենքի մշակման շուրջ, ընդունում է, որ իդեալական չէ, սակայն բաց են ծանրակշիռ առաջարկներ ընդունելու համար, ֆինանսական մասով Մխիթարյանը անելիքներ է տեսնում, հույս հայտնում, որ գործընկեր համահեղինակները ևս զիջող կլինեն:

Խորհրդարանը քննարկում է Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն հեղինակել են ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը, «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը, Արման Եղոյանը:

Աննա Գրիգորյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am