ՊԲ-ում պարբերաբար անցկացվում են ուսումնական վարժանքներ պահեստազորի ներգրավմամբ

Armenpress 12:59, 18 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ ըստ առանձին մասնագիտությունների, պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում տարաբնույթ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ ընթացքում պահեստազորայինները վեր են հիշում զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները, ձեռք բերում նոր հմտություններ, ծանոթանում ՊԲ-ում ներդրված նորագույն սպառազինությանն ու տեխնիկական միջոցներին, ներդաշնակվում այն ստորաբաժանումների հետ, որոնց կազմում պետք է մարտական առաջադրանքներ կատարեն հավանական պատերազմական գործողությունների ժամանակ: «Պահեստազորային կազմի հետ անցկացվող ուսումնավարժական հավաքները ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական, նպատակային ու մասնակիցների մարտական խնդիրների իրական բնույթը հաշվի առնելով: Այս համատեքստում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներով բանակի հրամանատարությունն ու երկրի ղեկավարությունը նպատակ ունեն առավել ամրապնդել մեր անվտանգային միջավայրն ու բացառել հակառակորդի՝ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am