Փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ

Armenpress 11:24, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամիսներ շարունակ արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ զրկված էին հանդիսատեսի հետ հաղորդակցումից: Չէին գործում կինոթատրոնները, համերգասրահները, թատրոնները, ցուցասրահները և մի շարք այլ մշակութային հաստատություններ:

Համավարակի որոշակի նահանջով պայմանավորված՝ խնդիրը կարծես թե լուծում է ստանում: Միջոցառումների կազմակերպման պայմաններում պարտադիր կանոններ են դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, ջերմաչափվելը, ախտահանվելը և այլն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, խոսելով թատրոնների և համերգասրահների առաջիկա աշխատանքի մասին, ասաց, որ արդեն արտոնություններ ունեն փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ իրականացնելու համար:

«Անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր ցուցումները՝ սոցիալական հեռավորությունը, ջերմաչափման, ախտահանման և դիմակները կրելու պայմանները: Այդ դեպքում մենք կարող ենք փակ տարածքներում թատերահամերգային գործունեություն իրականացնել: Առաջիկայում մեր կոլեկտիվներն աստիճանաբար կվերադառնան բնականոն աշխատանքին»,-տեղեկացրեց Խզմալյանն ու հավելեց, որ միայն մի պայման է գործում. փակ տարածքները պարտադիր պետք է ունենան օդափոխման համակարգեր:

Անդրադառնալով իրականացվող այլ ծրագրերին՝ փոխնախարարն ասաց, որ փորձում են չկատարված դրամաշնորհային ծրագրեր չթողնել: «Մենք համաձայնության ենք եկել դրամաշնորհները հաղթած կազմակերպությունների հետ, հատկապես միջազգային նախագծերի: Ըստ համաձայնության՝ այն միջազգային նախագծերը, որոնք խնդիր ունեն արտերկրից Հայաստան հյուրեր հրավիրելու, դրա համար նախատեսված ռեսուրսներն ուղղում են մեր ստեղծագործողներին, մեր արվեստագետներին: Այս ճանապարհով ևս աջակցում ենք մեր արվեստագետներին»,-ընդգծեց նա ու հիշեցրեց, որ նոյեմբերին մեկնարկում է կինոարվեստի երկրպագուների սպասված միջազգային փառատոնը՝  «Ոսկե ծիրան»-ը:

Վերադառնալով դրամաշնորհներին՝ Խզմալյանը նշեց, որ ունեն ինքնազբաղ արվեստագետներին ուղղված դրամաշնորհների հայտը, դրա վերջնական արդյունքների ամփոփումն ու խորագրերի իրականացումը, ինչպես նաև մարզերում երիտասարդական կրթական, մշակութային կենտրոնների հիմնման գործընթացը, որի մանրամասները դեռ կհայտնեն:

Հայաստանի Հանրապետության կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու պայմաններում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ պետք է իրականացվեն:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am