Ինքնավար մարմնի անդամի ընտրության մրցութային խորհրդում ԱԺ-ի ներկայացուցչի նշանակման կարգը կփոխվի

Armenpress 10:37, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱն, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր օրենքի նախագիծ, որով փոխվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 33 դեմ, 2 ձեռնպահ ձայներ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ  նշանակվի:  Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով: Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Նախագծով նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը:

Փոփոխությունների արդյունքում տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և  կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am