Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 000 դոլար չի ծախսվել. տարածվող լուրը կեղծ է

Armenpress 21:10, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 000 դոլար չի ծախսվել, լրատվամիջոցներում այս մասին տարածվող տեղեկությունը կեղծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը:

Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։ Ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ է դարձել հատկապես «ֆեյսբուք»-ի հայկական տիրույթում։ Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» կառավարությունից հայտնել են, որ լրատվամիջոցների հիշյալ հրապարակումը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am