ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը

Armenpress 14:14, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին:

Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:

ՊԵԿ նախագահն արձագանքեց՝  եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:

Մաքսազերծման նոր կարգի անցումը դժգոհություն էր առաջացրել Հայաստան հագուստ ու կոշիկ ներկրողների մոտ, նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրել են կառավարության, ՊԵԿ-ի դիմաց՝ նշելով, որ նոր կարգավորումների արդյունքում իրենք շատ դժվարություններ են ունենալու, բացի այդ 6 անգամ ավելի շատ գումար են վճարելու մաքսազերծման համար: Բողոքող քաղաքացիների հետ հանդիպել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, լսել խնդիրները: Ներսիսյանը դրանից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ մաքսազերծման ընթացակարգի փոփոխության հետ միասին վերանայվել են նաև գները, և մաքսազերծման գինը կավելանա ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ: Նոր ընթացակարգին անցում կատարելուց առաջ տնտեսավարողներին միջանկյալ լուծում, ժամանակ էին տրվել:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am