1000х90.jpg (78 KB)

Ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնեն. վարչապետ

Armenpress 12:14, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք կա՝ դիմակի կրման պայմանների խստորեն պահպանումը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի թվի աճին: Վարչապետը ոստիկանապետից պահանջեց՝ ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնեն, ընդգծելով, որ դիմակը ծնոտը փակելու համար չէ, այլ քիթն ու բերանը փակելու համար:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն անհրաժեշտ: «Կորոնավիրուսից մահացած 925 մարդ ունենք, 283՝ կորոնավիրուսով վարակված, սակայն մահացած այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, և ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն երկրները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել, ունեն տնտեսական ամենախորն անկումը: «Եվ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, ու մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 925: Արձանագրվել է նաև մահվան 283 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am