Բժիշկ, կարո՞ղ եմ ձեզ օգնել․ ինչպես են COVID-ով հիվանդ պացիենտները քաջալերել իրենց բուժողներին

Armenpress 10:06, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարողներ բժիշկները հույս ունեն, որ քաղաքացիները կշարունակեն սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել և կօգնեն իրենց միասին հաղթել այս «պատերազմ»-ում։

Պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա առիթով, որի կարգախոսն է՝ «Ապահով բուժաշխատողներ, ապահով պացիենտներ» «Արմենպրես»-ը զրուցել է «Էրեբունի» ԲԿ-ի COVID-19-ով պայմանավորված նոր բացված օբսերվացիոն բաժանմունքի ղեկավար, սրտաթոքային բաժանմունքի վարիչ Հասմիկ Սաիյանի հետ։

Սկզբում բժշկուհու համար բոլոր օրերը եղել են խառն ու ծանրաբեռնված, ինչ-որ տեղ նաև միմյանց նման, սակայն շատ ավելի դժվար է եղել այն, որ կարողանա հիվանդին համոզել, որ նա ապրելու է։

«Ամենամեծ բանը, որ առաջին պահից փորձել եմ նաև տարածել իմ գործընկերների մեջ, եղել է այն, որ չվախենանք այդ հիվանդությունից։ Մեր պացիենտների մոտ ակնհայտ զգացվում էր այդ մտահոգությունը, որ գուցե բուժաշխատողը վախենա, կոնտակտը չստացվի։ Մենք պահել ենք էպիդռեժիմը, հագել ենք արտահագուստը, ինչն իրոք բավականին դժվար ու ծանր էր բոլորիս համար և մշտապես եղել ենք պացիենտների կողքին։ Շատերի հետ երկար զրուցել ենք, քննարկել շատ հարցեր, երբեմն նաև հիվանդությունից դուրս էինք խոսում, շեղում նրանց ուշադրությունը։ Այդ հիվանդներից շատ շատերը հոգեբանորեն ճնշված էին, վախ կար նրանց մեջ։ Շատերն ասում էին, թե իրենք գուցե արդեն մահանան, այլևս չեն ապրելու, դեպրեսսիայի մեջ էին լինում։ Մեզ համար իրոք դժվար էր նրանց համոզել հակառակը, սակայն ամեն ինչ անում էինք նրանց այդ վիճակից հանելու համար։ Վստահ կարող եմ ասել, որ հիվանդի հետ հոգեբանական մտերմությունը քիչ դեր չի խաղում և խաղացել նրան բուժելու հարցում»,- նշեց Սաիյանը։

Անկեղծացավ, թե մահվան վախը պացիենտների մոտից հանելու համար, իրենք անգամ կատակել են, թե «եթե մահանաս, քեզ կսպանեմ»։

Բժշկուհին նկատեց, որ իր համար կորոնավիրուսի դեմ պայքարելու ամենակարևոր գործիքներից մեկն ինքն իր առաջ պատասխանատվության զգացում ունենալն է։ Հենց դրանից ելնելով էլ իրենք ավելի մեծ պատասխանատվություն են սկսում զգալ պացիենտների նկատմամբ։

Նա անկեղծացավ, որ հնարավոր է, որ ինչ-որ պահի գուցե և սխալներ են արել, սակայն հիվանդությունն այնքան արագ է մտել բոլորի կյանք, որ ժամանակի հրամայականն էր՝ տիրապետել հիվանդության կանխարգելման ու բուժման մեթոդներին։

«Մեզ հետ այս ընթացքում մի դեպք եղավ, երբ պացիենտի ամուսինը բարկացել էր ու ասում էր, որ բուժումը չի օգնում և ինքը պատրաստվում է այլ հիվանդանոց տեղափոխել։ Այդ պահին ես նրան ասացի, որ չեմ կարող թույլ տալ, որպեսզի իր կինը դուրս գա հիվանդանոցից։ Ամուսինը շատ վրդովված ասաց, թե ինքն իրավունք ունի իր կնոջը տեղափոխել, ես էլ ի պատասխան նկատեցի, որ մինչև հիվանդանոց մտնելն իր կինն է եղել, սակայն այժմ իրենց պացիենտն է և իրենք պատասխանատվություն են կրում։ Ես այդ պահին հասկացա, որ եթե թույլ տայի, որպեսզի տանեն, գուցե շատ վատ ավարտ ունենար ամեն ինչ։ Բարեբախտաբար, այսօր նա արդեն ապաքինվել է, տուն է գնացել»,- պատմեց Սաիյանը։

Բժշկուհին հիշեց, նաև մեկ այլ դեպք, երբ հիվանդը ստացել էր բոլոր դեղերը, իրեն լավ էր զգում, սակայն 2 օր հետո նորից սկսել էր ջերմել։ Պացիենտի բժիշկն այդ ժամանակ մոտեցել է Սաիյանին, կրկին միասին նայել են համակարգչային տոմոգրաֆիայի, անալիզների պատասխանները, սկսել են մտածել, թե լրացուցիչ ինչ կարելի է անել։ Այդ պահին տեսնելով բժիշկների մտազբաղ հայացքները, պացիենտը հարցրել է. «Բժիշկ ջան կարո՞ղ եմ որևէ բանով օգնել», ինչին ի պատասխան Սաիյանն ասել է. «Այո, շուտ լավացիր ու գնա տուն»։

Հիվանդանոցում ամենատարեց պացիենտը եղել է 92 տարեկան մի տղամարդ, ով բարեբախտաբար, ապաքինվել և տուն է գնացել, իսկ ամենաերիտասարդը՝ 21 տարեկան աղջիկ, ով իր մոր հետ վարակվել էր և այժմ երկուսն էլ ապաքինվել են։ 

«Ցավոք եղել են նաև անդառնալի դեպքեր, երիտասարդ կորուստներ, ինչի հետ մինչև օրս էլ չենք կարողանում հաշտվել»,- նշեց Սաիյանը։

Բժշկուհին շեշտեց, որ այս հիվանդությունն առաջին հերթին սովորեցրել է լինել ավելի պատասխանատու, մտածել արագ և ամենակարևորը՝ չվախենալ։

Պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա առիթով այս տարի ԱՀԿ-ն առանձնացնում է բուժաշխատողների անվտանգությունը` որպես պացիենտների անվտանգության գրավական: Ամեն տարի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիվանդանոցներում տրամադրվող ոչ անվտանգ բուժօգնությունը հանգեցնում է 134 միլիոն կողմնակի երևույթների՝ պատճառ դառնալով տարեկան 2,6 միլիոն մահվան դեպքի:
10 հիվանդից 4-ը տուժում է առաջնային և արտահիվանդանոցային օղակում ցուցաբերվող բուժօգնությունից. այս օղակում պատճառվող վնասի մինչև 80%-ից կարելի է խուսափել: COVID-19 համավարակն ի հայտ է բերել այն հսկայական մարտահրավերներն ու ռիսկերը, որոնց ամբողջ աշխարհում բախվում են բուժաշխատողները` ներառյալ բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակները, բռնությունները, հոգեբանական ու հուզական խանգարումները, հիվանդությունները և նույնիսկ մահը: Ավելին, լարված միջավայրում աշխատելու պատճառով բուժաշխատողներն ավելի հակված են սխալներ գործելու, որոնք կարող են վնաս հասցնել հիվանդին: Այսպիսով, 2020 թ. Պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա թեման է՝ բուժաշխատողների անվտանգություն. առաջնահերթություն պացիենտների անվտանգության համար: 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am