Օզոնային շերտը աստիճաբանար վերականգնվում է. «Ամբերդ» կայանը ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները

Armenpress 19:40, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը արդեն 21 տարի է միջազգային հանրության հետ միասին փորձում է լուծել օզոնային շերտի վերականգման խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում «Ամբերդ» օդերևութաբանական կայանում անկացված լրագրողական այցի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։

«Պատկերացրեք, եթե չլիներ օզոնային շերտը, ապա մեկ շաբաթվա մեջ կյանքը կվերանար ամբողջ Երկիր մոլորակի վրա, որովհետև օզոնային շերտը բնության կողմից տրված այն կարևորագույն վահանն է,  որը պաշտպանում է կյանքը և մեզ բոլորիս արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից»,- նշեց Ղահրամանյանը։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

2000 թվականից սկսած Հայաստանի Հիդրոմետ ծառայությունը իրականացնում է օզոնային շերտի ուսումնասիրությունները Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի օգնությամբ, որը միակն է տարածաշրջանում։ Կայանը ընդգրկված է մթնոլորտային դիտարկումների (GAW) ցանցում։ «Օզոնաչափական դիտարկումներն իրականացվում են Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով՝ օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի առկայության պայմաններում՝ 3-5 անգամ»,- ասաց Ղահրամանյանը։ Նա նշեց, որ օզոնամետրիստները, չնայած ստանում են ցածր աշխատավարձ և ձմռան ամիսներին աշխատում են բարդ պայմաններում, նվիրված և սիրով իրականացնում են մշտադիտարկումները՝ ամենօրյա ռեժիմով։

«Օզոնամետրիստների՝ կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC)»,- նշեց Ղահրամանյանը։

Օզոնի ծրագրի ազգային համակարգող տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր մարզերի համար Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակում է արեգակնային ճառագայթման ինտենսիվությունից կախված ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) ինդեքսները։ ՈՒՄՃ-ի բարձր ինդեքսների կանխատեսման դեպքում, նախազգուշական հաղորդագրություն է տրվում բնակչության արեգակի ուղիղ ճառագայթումից խուսափելու համար։

«Կանխատեսումները չափազանց կարևոր են. ազգաբնակչությունը պետք է տեղեկացված լինի տվյալ օրվա ՈՒՄՃ-ի ինդեքսի վերաբերյալ, որովհետև ինդեքսից կախված է, թե որքան մարդ պետք է այդ օրը գտնվի արևի տակ»,- հավելեց Ղահրամանյանը։

Ըստ Օզոնի ծրագրի ազգային համակարգողի՝ 35 տարի ողջ միջազգային հանրությանը միահամուռ ջանքերով հաջողվել է փոխարինել օզոնաքայքայիչ նյութերի 99 տոկոսը, սակայն դեռևս օզոնային շերտը չի վերականգնվել, դա բավականին բարդ և երկարատև գործընթաց է։

«Այն քիմիական նյութերը , որոնք քայքայում են օզոնային շերտը, շատ երկարակյաց են՝ մինչև 100 տարի կարող են մթնոլորտում ապրել։ Դա է խնդիրը և պատճառը, որ գիտնականների կանխատեսմամբ 2050-60 թվականներին ակնկալվում է օզոնային շերտի վերականգնումը հասցնել  1980-ական թվականների մակարդակի»,- ընդգծեց Ղահրամանյանը։

1985 թվականին աշխարհը միավորվեց և ստորագրեց «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվեցիան` օզոնային շերտը վերականգնելու նպատակով, իսկ արդեն 1987 ստորագրվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը։1999 թվականից Հայաստանը մասնակից է այդ գործընթացին։

Ղահրամյանի խոսքով՝ այսօր այդ երկու փաստաթուղթը վավերացված է ՄԱԿ-ի բոլոր 197 երկրների կողմից, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գնահատել է  որպես ամենահաջողված միջազգային համաձայնագրեր։ 2019 թվականին Հայաստանը վավերացրել է նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը։

«Կիգալի փոփոխությամբ վերահսկողության տակ են վերցվել հիդրոֆտորածխածինները, որոնք օգտագործվում են հովացման և ջեռուցման սարքավորումների, ինչպես նաև փրփուրների և հակահրդեհային պաշտպանութան միջոցների մեջ։ Մի կողմից կլիման տաքանում է և օդորակիչների նկատմամբ պահանջարկը մեծանում է, մյուս կողմից՝ օդորակիչների մեջ պարունակող հիդրոֆտորածխածինները կլիմայի տաքացման պատճառներից մեկն են։ Եթե երկներում որևէ միջոցներ չձեռնարկվեն և տեխնոլոգիայի փոխարինում տեղի չունենա, ապա վիճակը կվատթարանա։ Ըստ կանխատեսումների՝ հաջորդ երեսուն տարվա ընթացքում յուրաքանչյուր վարկյանում կվաճառվի տասը նոր օդորակիչ»,- ասաց Ղահրամանյանը՝ հավելելով, որ Կագելիի փոփոխությամբ երկրները պարտավորվում են անցում կատարել այնպիսի հովացման համակարգերի, որոնցում չեն օգտագործվում վերոնշալ նյութերը։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանի խոսքով՝ օզոնային շերտի ներկայիս վիճակը նույնպես ազդում է մարդու առողջության վրա, որոշ դեպքերում մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կատարակտա և այլն։

«Եթե ՈՒՃՄ-ի ինդեքսը 6-ից բարձր է, զգուշացնում ենք ազգաբնակչությանը, որպեսզի նրանք խուսափեն արևի ուղիղ ճառագայթներից, օգտագործեն գլխարկ, արևային ակնոց, քսուք։ Հատկապես ռիսկային խմբում են սպիտակամորթ, կապուտաչյա և շեկ մազերով քաղաքացիները»,- ասաց Ծառուկյանը։

Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետը նշեց, որ սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսները Հանրապետությունում ՈՒՃՄ-ի ինդեքսը իջնում է, իսկ արդեն հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին՝ բարձրանում։

«2012-2016 թվականների ընթացքում նվազագույն օզոնի ընդհանուր քանակի արժեքը գրանցվել է 2014 , իսկ առավելագույնը՝ 2019 թվականներին։ Դա վկայում է, որ օզոնային շերտը աստիճանաբաև վերականգնվում է»,- եզրափակեց Ծառուկյանը։

 Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am