Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումն աճել է 256 տոկոսով

Armenpress 09:38, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչխարաբուծությունը գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է համարում և շարունակում է կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բարդությունների ֆոնին ներկայացնել տնտեսական լավ լուրեր. այս անգամ դրական դինամիկան առնչվում է ոչխարի և այծի արտահանմանը։ 2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

«Այս աճն ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին: 

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն: 

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում է վարչապետ Փաշինյանը։ 

Հայաստանից ոչխար է արտահանվում Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am