ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը

Armenpress 16:34, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ 2020 թվականի օգոստոսին գրանցվել է 0.1 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4 տոկոս գնանկման դիմաց: Միևնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.1 տոկոս: 

Հաշվի առնելով գնաճային ցածր միջավայրը, ինչպես նաև արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում:

«Ասեմ, որ երրորդ եռամսյակի ընթացքում արտաքին հատվածում արձանագրվում է համաշխարհային տնտեսության որոշակի վերականգնում, սակայն գնահատվում է, որ համավարակի վերջնական հաղթահարման հետ կապված պահպանվող բարձր անորոշությունները զգալիորեն կզսպեն և կհետաձգեն Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում ամբողջական պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը»,-ասաց Մարտին Գալստյանը: Նրա խոսքով, նման պարագայում գործընկեր երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում, չնայած ապրանքահումքային շուկայում թույլ գնաճային միջավայրի պահպանմանը, ԿԲ-ն գտնում է, որ արտաքին հատվածի՝ Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցություն չի դրսևորվի:

2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի փաստացի արձանագրված տնտեսական աճը եղել է ԿԲ-ի կանխատեսումների շրջանակում:  Հուլիսին տնտեսական ակտիվության ցածր ցուցանիշը պայմանավորված է եղել ծառայությունների ոլորտի կրճատմամբ:

«Նշված զարգացումների, համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված պահպանվող մեծ անորոշության և այդ պարագայում հասարակության կողմից ցուցաբերվող զգուշավոր սպառողական և ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը և տնտեսական ակտիվությունը կվերականգնվեն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով»,-ասաց Մարտին Գալստյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am