COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի կազմի հաստատումը բուռն քննարկում առաջացրեց ԱԺ-ում

Armenpress 12:59, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը քննարկում է COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ մեկ քառորդ պատգամավորների ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Նախաձեռնողներն առաջարկեցին, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, այսինքն՝ 7 անդամ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք Նազարյանի գնահատմամբ՝ եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող: «Մասնավորապես ընդդիմության կողմից ասվել է, որ պետք է փակել Իրանի սահմանը և Իտալիայից չվերթները: Հետո ասվել է, թե «կարանտին» անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն: Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում պատգամավորները պետք է դիմակ չկրեն: Երկրում արտակարգ դրություն է եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ, մարդկանց ազատել են աշխատանքից և պետությունից պահանջել սոցիալական օգնություն տրամադրել…Արդյոք հանձնաժողովը քննակելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, արդյոք գնահատելո՞ւ է ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում»,-ասաց Նազարյանը:

Մարուքյանը արձագանքեց՝ հարցը կապ չունի ներկայացված որոշման հետ, հարցի մեջ կա խեղաթյուրված տեղեկատվություն: «Երբ ասվել է Իրանի սահմանը փակեք, Իտալիայից չվերթները փակեք, հենց այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում դեռ չկային վարակակիրներ: Երբ այսօր սեպտեմբերին ասվում է, որ պետք է քայլեր ձեռնարկել սահմանները բացելու համար, արդեն այլ իրավիճակ է»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am