Ոչնչացնել պայմանական հակառակորդի թիրախները.ՀՕՊ-ը բարձր մակարդակով կատարել է ԱՊՀ վարժանքների խնդիրը

Armenpress 16:37, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՊՀ յոթ երկրների ՀՕՊ ստորաբաժանումների  միացյալ համակարգի մարտական պատրաստության բարձրացման միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանում անցկացվեց ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ վարժանքը իրականացվեց երեք փուլով՝ պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերում, ոչնչացում և մնացորդների ոչնչացում թեմայով։

Մամուլի խոսնակն ընդգծեց՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները բավականին բարձր մակարդակով կատարել են առաջադրված խնդիրները։

«Վարժանքին  ներգրավված են եղել և կործանիչ ավիացիան, և զենիթահրթիռային զորքերը, և տեխնիկական զորքերը։ Վարժանքի ընդհանուր արդյունքներով ստորաբաժանումները ստացել են «լավ» գնահատական»,- ասաց Ստեփանյանը, հավելելով, որ ներկայումս ստորաբաժանումներն անցել են առօրյա ծառայության։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին ԱՊՀ յոթ երկրներում մեկնարկել է վարժանք, որի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ։

Վարժանքներին մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարել են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

Վարժանքի ժամանակ գործի են դրվել ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին, այդ թվում մասնակցել են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am