Ադրբեջանի նշանակությունն Իսրայելի համար կարող է նվազել

Armenpress 13:16, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակում Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն էական զարգացում են արձանագրել: Կողմերը հաջողությամբ համագործակցում են հատկապես ռազմական և առևտրատնտեսական ոլորտներում: Առաջիկայում, սակայն, մի շարք գործոնների ազդեցության արդյունքում Ադրբեջանի նշանակությունն Իսրայելի համար կարող է մեծապես նվազել, ինչը կարող է էապես նպաստել Իսրայելի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում հարաբերությունները զարգացնելու ՀՀ ծրագրերին: Ստորև անդրադառնանք վերոնշյալ գործոններից մի քանիսին.

Իսրայելն արդեն այլընտրանք ունի Ադրբեջանի էներգառեսուրսներին:

Նախկինում արաբական երկրների կողմից սահմանված տարատեսակ սահմանափակումների պատճառով Իսրայելը չէր կարողանում նավթ գնել Պարսից ծոցի արաբական միապետություններից: Եվ ներկրման մեծ մասը բաժին էր ընկնում Ռուսաստանին և Ադրբեջանին: Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման արդյունքում, սակայն, առաջիկայում իրավիճակը կարող է փոխվել: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում Իսրայելի և ԱՄԷ-ի միջև: Եվ կանխատեսվում է, որ այդ համաձայնության արդյունքում ՕՊԵԿ-ում նավթի արդյունահանման ծավալներով չորրորդ տեղը զբաղեցնող ԱՄԷ-ն կշտապի զարգացնել էներգետիկ համագործակցությունն Իսրայելի հետ: Ընդ որում, ակնկալվում է, որ ԱՄԷ-ից ներկրվող նավթն ավելի էժան է լինելու Իսրայելի համար: Արդյունքում, Իսրայել-ԱՄԷ էներգետիկ համագործակցության պարագայում Ադրբեջանի նշանակությունն Իսրայելի համար կարող է էականորեն նվազել:

Ադրբեջանի բացահայտ աջակցությունը Թուրքիայի գործողություններին չի վրիպում Իսրայելի ուշադրությունից։

Ակնհայտ է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները շարունակաբար վատթարանում են: Կողմերի միջև լարվածության աճին նպաստող գործոնները բազմաթիվ են՝ տարածաշրջանում գերակայության համար մրցակցություն, Թուրքիա-ՀԱՄԱՍ համագործակցության խորացում, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածություն, պաղեստինյան հակամարտության հարցում առավել ակտիվ դերակատարում ստանձնելու Թուրքիայի հավակնություններ, Թուրքիայում իշխող կուսակցության կողմից ընդգծված կրոնական և ազգայնական հռետորաբանության ակտիվացում և այլն: Եթե նախկինում թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության աճի շրջանում Ադրբեջանը կարողանում էր որոշակիորեն մանևրել կողմերի միջև և հնարավորինս զերծ մնալ այս լարվածությունից իր համար բխող բացասական հետևանքներից, ապա այժմ Ադրբեջանին դա գրեթե չի հաջողվում: Մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին միանշանակ աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ ՀՀ արտաքին գերատեսչության կողմից դիրքորոշման հստակեցումը Ադրբեջանին ստիպեցին ուղղակիորեն հայտարարել Թուրքիային տրամադրվող անվերապահ աջակցության մասին: Սա, բնականաբար, չի կարող վրիպել Իսրայելի ուշադրությունից, որը փաստացի Արևելյան Միջերկրածովում հակաթուրքական առանցքի (Հունաստան, Կիպրոս Ֆրանսիա, ԱՄԷ, Եգիպտոս)  մաս է կազմում և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն ընկալում է որպես մեծացող սպառնալիք:

Ադրբեջանը կորցնում է իր բացառիկությունն Իսրայելի համար՝ որպես մուսուլմանական երկիր։

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի, ապա նաև Ադրբեջանի հետ հարաբերություններն Իսրայելի համար խորհրդանշական կարևորություն ունեին, քանի որ Իսրայելի կողմից ներկայացվում էին որպես Իսրայելի և մուսուլմանական երկրների միջև համագործակցության հաջող օրինակներ, ինչը չափազանց կարևորվում էր Իսրայելի կողմից: ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ տեսանելի ապագայում նաև Իսրայել-Ծոցի մյուս միապետությունների հետ համագործակցության հաստատման պարագայում Ադրբեջանը կորցնելու է իր բացառիկությունն Իսրայելի համար, որն ավելի շատ հակված է լինելու շեշտադրել հենց արաբական մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացման փաստը:

Վերոնշյալ բոլոր գործոններն առաջիկայում իրենց ազդեցությունն են ունենալու Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների զարգացման վրա, ինչը գործողությունների բավական լայն դաշտ է ստեղծում հայկական կողմի համար:

Հովսեփյան Արփինե



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am