Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական կանոն. ՀՀ վարչապետի խոսնակ

Armenpress 16:30, 10 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնող ցանկացողներ.կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- նշել է Մանե Գևորգյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am