Վիկտոր Համբարձումյանի գաղափարն ապրում է. մեկնարկել է Բյուրականի միջազգային ամառային դպրոցը

Armenpress 15:15, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցը», որը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը, կրում է «Աստղագիտութունը և տվյալների գիտությունը» խորագիրը։ Այս տարի պանդեմիայի պատճառով դպրոցն անցկացվում է առցանց, որը, սակայն, հնարավորություն է ստեղծել որոշակիորեն ապահովել նաև հանրության մասնակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դպրոցը նախատեսված է երիտասարդ աստղագետների, աստղագիտության ոլորտում սովորող մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաև բակալավրիատի վերջին կուրսում սովորող անձանց համար։ Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն ունկնդրելու աստղագիտական շրջահայությունների, աստղագիտական տվյալների թվայնացման, աստղաինֆորմատիկայի, վիրտուալ աստղադիտարանների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների մասնագետների կողմից (ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և, իհարկե, Հայաստան)։

Նման դպրոց ունենալու նախաձեռնությունը պատկանում է Վիկտոր Համբարձումյանին, ով 1987թ-ին Բյուրականում միջազգային երիտասարդական դպրոց կազմակերպելու առաջին փորձն արեց, որը ԽՍՀՄ փլուզման հետևանքով, ցավոք, շարունակական բնույթ չունեցավ։

Միայն 2006թ-ին ԲԱ ներկայիս տնօրեն Արեգ Միքայելյանի ջանքերով և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) նախաձեռնությամբ Բյուրականում հնարավոր եղավ հիմնադրել միջազգային ամառային դպրոցների շարք (Byurakan International Summer Schools – BISS)։ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցն անցկացվում է 2 տարին մեկ և դասվում է աստղագիտական կարևորագույն դպրոցների շարքին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am