Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիրը մանրամասներ է հաղորդել մասնաճյուղում պայթյունից և հրդեհից

Armenpress 15:33, 1 Սեպտեմբեր, 2020

ԱՐՄԱՎԻՐ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր Արմեն Գասպարյանը մանրամասներ է հաղորդել գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ տեղափոխվել հիվանդանոց:

«Քննությունը կպարզի պատճառները: Այստեղ շինարարական աշխատաքներ է կատարել «Արեն Առաքելյան» ԱՁ-ն: Ըստ երևույթին, զոդելու ժամանակ պայթյուն է եղել»,- ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով` պայթյունի հետևանքով մահացել են մասնաճյուղի տնօրենը և Արեն Առաքելյանը, ով զոդման աշխատաքներ կատարող ձեռնարկության տնօրենն էր:

«Վիրավորված չորս անձինք տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը միջին ծանրության է»,- ասաց Գասպարյանը:

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում պայթյունի և հրդեհի մասին ահազանգը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am