1000х90.jpg (78 KB)

Կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիք. Եվրոպան ահազանգում է

Armenpress 14:17, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս աշխարհում գոյություն չունի «հիվանդության երկրորդ ալիքի» վերաբերյալ միասնական կարծիք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պարզաբանմամբ՝ երկրորդ ալիք հասկացությունը կիրառելի է հիվանդության բոլոր նոր բռնկումների դեպքում, որոնք առաջանում են վարակման տեմպերի սկզբնական անկումից հետո։ Գիտական շրջանում ևս չկա միասնական մոտեցում, թե որոնք են երկրորդ ալիքի հիմնական չափորոշիչները։

Չնայած գիտական սահմանումների շուրջ առկա տարաձայնություններին՝ որոշ երկրներում արդեն իսկ ահազանգում են կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի բռնկման մասին։ Հատկանշական է, որ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է կարանտինային ռեժիմի թուլացման և սահմանափակումների մեղմացման հետ։ Շատ կառավարություններ, սեփական տնտեսությունը փրկելու և վերականգնելու համար, շտապեցին վերաբացել տնտեսական գործունեության տարբեր ճյուղերը։ Ավելին, տուրիստական սեզոնը  չտապալելու համար՝ շատ երկրներ բացեցին իրենց սահմանները նաև օտարերկրացի զբոսաշրջիկների համար։ Այս ամենը, ինչպես և կարելի էր կանխատեսել, հանգեցրեց կորոնավիրուսի տարածման տեմպերի ակտիվացման, վարակի նոր օջախների առաջացման։ Եվրոպական մի շարք երկրներ (Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծապես տուժել են, կանգնած են համավարակի երկրորդ ալիքի բռնկման առաջ։ Արդեն իսկ հնչում են վատատեսական կանխատեսումներ, որ հենց Եվրոպան կարող է դառնալ կորոնավիրուսի վարակման երկրորդ ալիքի կենտրոնը։

Եվրոպայում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը շարունակվում են գրանցվել Իսպանիայում, որտեղ արտակարգ դրության չեղարկումից մոտ 2 ամիս անց, եվրոպական այլ երկրների համեմատ, կորոնավիրուսի տարածման տեմպերն ամենաբարձր են՝ վերջին 2 շաբաթում  ամեն օր արձանագրելով 100,000 բնակչի հաշվով ավելի քան 142 դեպք։  Չնայած կորոնավիրուսի պատճառով մահացության և հոսպիտալացման թիվը նվազել է՝ Իսպանիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն  անհանգստացած են վարակման դեպքերի աճով, ինչի պատճառով Իսպանիայի իշխանությունները երկրի տարբեր տարածաշրջաններում սահմանել են նոր սահմանափակումներ՝ մասնավորապես, չեն գործի որոշ զվարճանքի վայրեր, կարգելվի բաց  տարածքներում ծխելը։ Ֆրանսիան, իր հերթին, արձանագրել է սահմանափակումների մեղմացումից հետո վարակման ռեկորդային աճ, ինչի պատճառով երկրի խոշոր քաղաքների՝ Փարիզի, Մարսելի, Թուլուզի և Լիլի, հասարակական վայրերում կրկին պարտադիր է դարձել դիմակների կրումը, միևնույն ժամանակ սեպտեմբերի 1-ից երկրի տարբեր ձեռնարկություններում նույնպես պարտադիր կլինի դիմակների կրումը։ Գերմանիայում նույնպես նկատվում է վարակման դեպքերի կտրուկ աճ, ինչի արդյունքում գերմանացի առաջատար բժիշկները հայտարարում են, որ սկսվել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը։ Երկրում երկրորդ ալիքի սկսման պատճառը մասնագետները համարում են սոցիալական հեռավորության  պահպանման և հիգիենայի կանոների անտեսումը։  Եվրոպական մի շարք երկրներում ևս՝ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում, կապված վարակման դեպքերի աճի հետ,  մտավախություն կա վարակի երկրորդ ալիքի բռնկման։

Այսպիսով,  կարող ենք նշել, որ կորոնավիրուսի համավարկը դեռևս չի նահանջում, այլ  որոշ երկրներում հիվանդության տարածման նոր միտումներ են արձանագրվում։ Բայցևայնպես, չկա հստակ մոտեցում, թե արդյոք այդ միտումները կարելի է որակել վարակման երկրորդ ալիք, թե՞ այնուամենայնիվ աշխարհը և մարդկությունը գտնվում է կորոնավիրուսի առաջին ալիքի մեծ շղթայի մեջ։ 

Աննա Չիչյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am