ՔԿ-ն հորդորում է չօգտագործել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից ձեռք բերված խմիչքը

Armenpress 12:49, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից, պարզվել է, որ  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am