Պարանայգի, կարուսելներ, խաղահրապարկներ․Դիլիջանի քաղաքային այգին նոր շունչ է ստացել

Armenpress 12:01, 29 Օգոստոս, 2020
ԴԻԼԻՋԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիլիջանի քաղաքային այգին դարձել է թե մեծահասակների, թե երեխաների ամենասիրելի վայրերից մեկը։ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը համայնքի բնակիչների օգնությամբ կարողացել է իրականացնել ամենահեռանկարային ծրագրերից մեկը, որի արդյունքում մոտ ապագայում Դիլիջանի քաղաքային այգին կարող է լինել քաղաքի այցեքարտը։

IDeA հիմնադրամը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անմխիթար վիճակում գտնվող և լքված քաղաքային այգու բարեկարգման աշխատանքները սկսել է դեռևս 2018 թվականից։ 2020 թվականի հուլիսից «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամը (TUF)  ստանձնել եւ իրականացնում է IDeA հիմնադրամի զբոսաշրջության եւ քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի  Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար Նունե Հարոյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլով այգում տեղադրվեցին նստարաններ, աղմաբաններ, կառուցվեց լուսավորության ցանց, ճանապարհը պատվեց կարմիր ավազով և վերամշակվեցին կանաչ տարածքները:

«Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց 2020 թվականի մարտին։ Այս փուլում ավելի շատ կոմպոնենտներ իրականացրեցինք։ Դրանցից մեկն է «Verev» պարանայգին: Այն տարածաշրջանի ամենաերկար պարանայգիներից է՝ 445 մետր երկարությամբ, բաղկացած է 4 բարդության ուղիներից և նախատեսված է 6 տարեկանից բարձ բոլոր անձանց համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարոյանը, հավելելով, որ մայիսից ի վեր ունեցել են 4 հազար այցելու։

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավարը ընդգծեց, որ պարանայգին կդառնա սոցիալական ձեռներեցության նոր մոդել Դիլիջանում՝ պահպանելով հանրային կանաչ տարածքները և ստեղծելով նոր միջավայր ակտիվ սպորտաձևերի և էկոտուրիզմի սիրահարների համար:

Քաղաքային այգու մյուս բաղադրիչներից են կարուսելները։ Խորհրդային Միությունից մնացած շահագործման ոչ ենթակա կարուսելները ապամոտաժվել են և փոխարինվել նորերով։

«Քաղաքային այգու բարեկարգման աշխատանքների պլանավորման փուլից ներգրավված են եղել տեղի բնակիչները, քանի որ այգու առաջին շահագործողները հենց իրենք են։ Համայնքի բնակիչները շատ մեծ աջակցություն են ցուցաբերել՝ թե աշխատուժի, թե հովանավորների առումով»,- նշեց Հարոյանը։

Ըստ ծրագրի ղեկավարի՝ երկրորդ փուլի համար ծախսվել է մոտ 350 հազար դոլար գումար, ստեղծվել է 13 մշտական աշխատատեղ։

«Պարանայգուց և կարուսելներից ստացած ամբողջ շահույթը կուղղվի այգու հետագա զարգացմանը»,- հավելեց Հարոյանը։

Խոսելով համայնքի ներգրավվածության մասին՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը սկսելուց առաջ փորձեցին սոցիալական հարցումներով պարզել, թե ինչի կարիք ունեն Դիլիջանի բնակիչները։

«Կարող եմ հպարտությամբ նշել, որ այգու հետ կապված համայնքի կարիքների մեծ մասն իրականացվել է։ Շատ բնակիչներ պատրաստակամություն հայտնեցին որպես կամավոր ներգրավվել այգու բարեկարգման աշխատանքներում։ Օրինակ՝ այգին զարդարող հայկական և ռուսական հեքիաթների հերոսների դեկորատիվ բոլոր 36 նկարները վերականգվել են Դիլիջան համայնքի գեղանկարիչների կողմից։ Համայնքի մասնակցությունը եղել է նաև բասկետբոլի խաղադաշտը ներկելու գործում։ Նախատեսում ենք շարունակական այլ միջոցառումներ իրականացնել համայնքի ուժերով։ Մի խոսքով քայլ առ քայլ համայնքի ներգրավվածությամբ կունենանք մեր երազած քաղաքը»,- նշեց Հովհաննիսյանը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով այցելել էր այգի և ծանոթացել կատարված աշխատանքին, նշեց, որ Դիլիջանում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ծրագրերի ներուժը շատ մեծ է։

«Այդ ծրագրերից մեկն այս այգու բարեկարգումն է։ Այս այգին թե զբոսաշրջիկների, թե Դիլիջանի բնակիչների համար սիրված վայր է»,- ասաց Չոբանյանը։

Տավուշի մարզպետը նաև բարձր գնահատեց այգում կատարված աշխատանքը՝ թե բնապահպանական, թե ճաշակի տեսանկյունից։ Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում երեխաները կարիք ունեն բնական միջավայրի և ֆիզիկական ծանրաբեռնվածության։

«Այսինքն՝ ստեղծվել է մի միջավայր, որտեղ մեր երեխաները կզարգանան, ֆիզիկական ծանրաբեռնվածության կենթարկվեն, կխաղան և նաև կմեծացնեն համարձակությունը»,- եզրափակեց Չոբանյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am