Ռուսական թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլում. ՀՀ-ն երկրորդ տեղում է

Armenpress 17:23, 27 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ռազմամարզական կողմնորոշման «Պրոֆեսիոնալ» փուլի ընթացքում IOF միջազգային կանոնների համաձայն մասնակիցները քարտեզի և կողմնացույցի միջոցով հաղթահարել են անծանոթ լեռնաանտառային մոտ 5 կմ երթուղին:

Եզրափակչի ժամանակ դատավորները հաշվի են առել երթուղու հաղթահարման ժամանակը և մրցույթի յուրաքանչյուր մասնակցի քարտեզի վրա նշումները: Ռազմամարզական կողմնորոշմանը, հատուկ խոչընդոտների հաղթահարմանն ու ռազմաբժշկական պատրաստությանը նվիրված մրցույթի երեք փուլի արդյունքներով Ռուսաստանի թիմը դարձել է առաջատար՝ առաջ անցնելով Հայաստանից: Երրորդ տեղը զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության թիմը:

«Էրուդիտ», «Աթլետ» և «Դիպուկահար» փուլերի մրցումների մասնակիցների համար հաջորդ փորձարկումները տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում քաղաք Երևանում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, Իջևանի մարզադաշտում և լեռնային զորավարժարանում:

Միջազգային մրցույթն անց է կացվում ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։ 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը։

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի հանրապետություններից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Մրցույթն անց է կացվում բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈւ հավաքական թիմերը։ Խաղերն անց են կացվում Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am