1000х90.jpg (78 KB)

«Հայաստան» հիմնադրամի տնօրենն առցանց քննարկմանը ներկայացրել է սփյուռքին աջակցելու ռազմավարությունը

Armenpress 16:05, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հայկական լրատվամիջոցների՝ «Զարթօնք», «Արև» և «Սարդարապատ» թերթերի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մամուլի առցանց լսարան» խորագրով շարքի 8-րդ հանդիպումը: Այս անգամ քննարկման հյուրը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, որն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանան կատարած այցին և սփյուռքին աջակցելու հարցում հիմնադրամի ռազմավարությունը: «Արմենպրես»-ը ներկակացնում է «Զարթօնք»-ի հոդվածը քննարկման վերաբերյալ.

«Վերանորոգուող Առաջնահերթութիւններ եւ Մարտահրաւէրներ» թեմայով բովանդակալից, ներկաների համար հետաքրքիր ելոյթ ունեցաւ Հիմնադրամի տնօրէն Հայկակ Արշամեանը։ Տարբեր երկրների շուրջ 55 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը վարեց «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը։ Նա իր խօսքում երախտագիտութիւն յայտնեց ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի տնօրէնին առցանց լսարանում ելոյթ ունենալու համար։ 

Հայկակ Արշամեանն իր խօսքը սկսեց նախ Հիմնադրամի ստեղծման պատմութիւնից, որը բոլորին քաջ յայտնի է, ապա անցում կատարեց Պէյրութին,  ներկայացրեց այնտեղ պայթիւնից յետոյ հայկական պատուիրակութեան կատարած փաստահաւաք աշխատանքների մանրամասները։ Նշենք, որ հայկական պատուիրակութեան կազմում էին Հայկակ Արշամեանը, Սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը եւ ԱԺ պատգամաւոր Հրաչեայ Յակոբեանը։ 

«Հիմնադրման իր ուժերի ներածին չափով պէտք է կանգնի իր սփիւռքի քոյրերի ու եղբայրների կողքին։ Հենց նրանց շնորհիւ է  որ կառուցուել է Հայաստանը,  Արցախը։ Անցած տարի, երբ Լիբանանում սկսուեց տնտեսական տագնապը, Հիմնադրամում, քննարկելով իրավիճակը, որոշեցինք, որ ինչ-որ կերպ պէտք է աջակցենք Լիբանանի մեր հայ համայնքին, յատկապէս կրթական ոլորտում։ Մենք մօտ 150 հազար տոլար ուղղակի բերեցինք Լիբանան ու համամասնաբար բաժանեցին կրթական բոլոր հաստատութիւններին, տեղի հայկական մամուլին։ Նոյնը արեցինք մի քանի ամիս առաջ, նորից կրթական հաստատունութիւնների մասով։ Պէյրութում տեղի ունեցած ողբերգական պայթիւնը, բազմապատկեց այն խնդիրները, մարտահրաւէրները, որի առջեւ կանգնած էր հայ համայնքը։ Փառք ու պատիւ Հայաստանի ու Արցախի կառավարութեանը, որ անմիջապէս օգնութիւն կազմակերպեց ուղիղ Լիբանանի կառավարութեանը, միւսը Արցախի մեր հայրենակիցների կողմից Լիբանանի հայ գաղութին»,- ներկայացրեց Արշամեանը։ 

Խօսելով Պէյրութում իրենց տեսածի մասին, բանախօսն ասաց՝ այն, ինչ տեսան, սարսափելի էր։ «Այն ինչ մեր աչքերը տեսան սարսափելի էր։ Հայութիւնն այս անգամ շատ աւելի շատ տուժեց, քանի որ պայթիւնի առաջնագծում էր։ Մենք շրջեցինք հայկական թաղամասում, ունեցանք բազմաթիւ հանդիպումներ, կուսակցութիւններ ներկայացուցիչների, մամուլի ներկայացուցիչներ, անհատների հետ։ Մեզ համար շոկային էր էր այն, ինչ տեսանք։ Մենք գնացել էինք մարդկանց լսելու, հասկանալու կարեւոր հրատապ խնդիրները գոյքագրելու, որի առաջ կանգնած է հայ համայնքը։ Պայմանաւորուածութիւն ձեռք բերեցինք Անթիլիասի հովանու ներքոյ ստեղծուած յանձնաժողովի հետ, որը մեզ տրամադրելու է համակողմանի տեղեկատուութիւն հայկական գաղութին կրած  վնասի չափի մասին։ Սպասենք այդ յանձնախմբի աշխատանքների աւարտին ու հասկանաք, թէ ինչ ուղղութիւնով պէտք է աշխատի ՀՀ կառավարութիւնն ու Հիմնադրամը»,- լսարանի մասնակիցներին ասաց Հայկակ Արշամեանը։  

Գալով Հիմնադրամի կողմից լիբանանահայութեան օգնութեան համար բացուած հաշուեհամարին, Արշամեանն ասաց՝ շուրջ 195 հազար տոլար է հաւաքագրուել Լիբանանի հայ համայնքի համար։ «Շուրջ 195 հազար տոլար ունենք հաւաքագրուած Լիբանանի հայ համայքնի համար։ Այստեղ բոլորը անսացին մեր կոչերին ու մասնակցում են մեր հայկական համայնքի օգնութեան գործընթացին։ Մեր կայքում կարող էք բաց տեսնել, թէ ովքեր են նուիրատուները, ամէն ինչ հրապարակուած է»,- ասաց Հիմնադրամի նախագահը։ Հաւաքագրուած գումարը դեռ որոշուած չէ, թէ որ ուղղութեամբ է ծախսուելու։ Արշամեանի խօսքով՝ խորհրդակցել են Լիբանանի հայ առաքելական եկեղեցւոյ առաջնորդի հետ, նախնական մտածում ենք կրթական ոլորտին ուղղորդել այդ գումարները․ «Սակայն, սա վերջնական չէ, վերջնական եզրակացութեան կգանք մի քանի օրուայ մէջ»։ 

«Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը Հիմնադրամի գործունէութեան եւ սփիւռքին օգնութիւն տրամադրելու մասով մէկ դիտարկում արեց։ Նրա խօսքով՝ համասփիւռքեան այս խնդիրները, իհարկէ, մարտահրաւէր է դարձել Հիմնադրամի համար, քանի որ «Հայաստան» համահայակական հիմնադրամի նպատակը մայր Հայրենիքին ու Արցախին օգնութիւն հաւաքագրել է։ Սակայն, այսօր, Հիմնադրամը հակառակն է անում։ Սեւակ Յակոբեանը հարց ուղղեց՝ այս նոր մարտահրաւէրներին, սկզբում Սիրիան էր, հիմա Լիբանանը, յաջորդը յայտնի չէ, թէ որ գաղութը կը լինի, ինչպէ՞ս պէտք է Հիմնադրամը դիմակայի։ 

«Այո, Հիմնադրամի ստեղծման նպատակն էր սփիւռքից եկող աջակցութիւնը մէկ խողովակով ուղղորդել դէպի Հայաստան եւ Արցախ։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի այն ժամանակուայ իշխանութիւնները այս առումով խելացի գտնուեցին, որ ստեղծեցին Հիմնադրամը, որն աւելի ճկուն է, քան կառավարական մարմինները։ Այդ առաքելութիւնը 28 տարի շարունակում է Հիմնադրամը։ Մենք ունենք Սիրիայի ճգնաժամի փորձը, երբ որոշակի մարդասիրական օգնութիւն ցուցաբերուեց Սիրիայի մեր հայրենակիցներին։ Մենք Հիմնադրամի համար նոր ռազմավարութիւն ենք մշակել։ Դեռեւս 2019-ի գարնանը մօտ 60 փորձագէտ, սփիւռքի մեր հայրենակիցների մասնակցութեամբ եւս ստեղծեցինք նոր ռազմավարութիւն։  Ըստ այդմ՝ Հիմնադրամի առաքելութիւնը պէտք է դառնայ համահայկական, ցանցային համակարգի ձեւաւորումը, որի նպատակն է ապահովել ընդհանուր ինքնութեան վրայ հիմնուած աշխարհասփիւռ հայկական համայնքների, Հայաստանի ու Արցախի համաչափ զարգացումը, կայուն զարգացումը։ Այսինքն՝ շեշտադրեցինք, որ Հիմնադրամի գործունէութեան ուղղութիւններից մէկը պէտք է լինի նաեւ Սփիւռքի համայնքներում գործունութիւնը։ Հայաստանը նոր տեղծուող պետութիւնը չէ, ինչը 90-ականներին էր եւ մենք պարտաւոր ենք, եթէ կարիք կայ գործունէութիւն ծաւալենք եւ աջակցենք Սփիւռքում գտնուող մեր համայնքներին։ Ես կարծում եմ՝ դա մեր կարեւորագոյն առաքելութիւնների մէկն է։ Ուստի իրավիճակ է փոխուել աշխարհում, մարտահրաւէրներ ունեն նաեւ մեր սփիւռքեան համայնքները եւ մենք պէտք է լինենք նրանց կողքին»,- ընդգծեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրէնը։ 

Լսարանի մասնակիցներից մէկը հետաքրքրուեց, թէ ինչ կարծիք ունի Հայկակ Արշամեանը ազգային տուրքի գաղափարի մասին։ Հիմնադրամի տնօրէնը համաձայն է այ գաղափարին, սակայն, եթէ դրան մասնակցեն մեծ թուով նուիրատուներ՝ նուազագոյն գումարով։ 

«Մեր այսօրուայ բոլոր վաւերագրումների վրայ նշուած է ազգային տուրք։ Գաղափարը փորձեցինք վերականգնել դեռեւս անցած տարի՝ խօսելով մէկ գաւաթ սուրճի մասին։ Եթէ ամեն հայ աշխարհի տարբեր հատուածներում ամսական մէկ բաժակ սուրճի՝ մէկ կամ երկու տոլարի աջակցութիւն ցուցաբերի Հիմնադրամին, դա հսկայական գումարներ կը բերի ֆոնտին, որի շնորհիւ մենք էլ աւելի մեծ հնարաւորութիւններ կ՛ունենանք։ Հիմնադրամն այս երկու տարուայ մէջ ամբողջովին փոխուել է, գործունութիւնը թափանցիկ է դարձել, մեր հայրենակիցները բողոքելու տեղ չունեն այս մասով։ Այսօր մենք ունենք առցանց նուիրատուների հսկայական բանակ»,- մանրամասնեց Հայկակ Արշամեանը։ 

Հիմնադրամի տնօրէնի խօսքով՝  շատ բնական է այսօր լիբանանահայութեան նկատմամբ այս մեծ ուշադրութիւնը։ «Ես նկատում եմ համահայկական միասնութեան նոր ալիք։ Յատկապէս Տաւուշի դէպքերը ցոյց տուեցին, թէ հայերն ինչքան միասնական են, երբ խնդիրը անվտանգութեանն է վերաբերւում, աշխարհի տարբեր անկիւններում գտնուող մեր հայրենակիցների կեանքին։ Սա շատ կարեւոր է։ Ես ուզում եմ որ այս միասնականութիւնը երբեք չմարի։ Մենք պէտք է աւելի դասեր քաղենք ու մեր գործունէութեան մէջ հեռուն նայենք»,- շեշտեց բանախօսը։ 

Լսարանի մասնակիցները տարատեսակ հարցեր ուղղեցին Հիմնադրամի տնօրէնին կապուած լիբանանահայութեան ու հայրենադարձութեան կազմակերպման հարցում իրենց մասնակցութեան մասով։ Հայկակ Արշամեանը նշեց, որ հայրենիք վերադառնալու տագնապին առաջին անգամ է բախւում Հիմնադրամում աշխատելու ընթացքում։ Նրա խօսքով՝ սերտ համագործակցում են Զարեհ Սինանեանի գրասենեակի հետ։ «Սփիւռքի հետ համագործակցութիւնն իրենց բուն գործունէութեան  հիմնասիւներից մէկն է, Հայաստան ժամանողներին օգնել, աջակցել, ստեղծել մէկ պատուհան, որպէսզի մարդը չվազվզուի տարբեր տեղեր։ Մենք այժմ մտածում ենք, թէ ինչպէ՞ս կարող ենք ինքներս ներգրաւուել այդ ծրագրերում։ Ինձ բազմաթիւ մարդիկ են զանգում, ասում ունենք յաւելեալ բնակարան, հիւրանոց, հիւրատուն ու պատրաստ ենք անվճար տրամադրել Լիբանանից եկող մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն դրա կարիքը։ Ես կարող եմ ասել, որ հայրենադարձութիւն բառհասկացողութիւնը մի քիչ հնացել է։ Հայաստանի դռները միշտ բաց են մեր հայրենակիցների համար։ Պէտք է միշտ հնարաւորութիւններ ընձեռնել  նրանց ովքեր որոշել են վերադառնալ Հայաստան։ Հայաստանի պետութիւնը պէտք  է աջակցի այդ մարդկանց, անկախ նրանց՝ Հայաստանում հաստատուելու նպատակից։ Ամբողջական փաթեթ պէտք է լինի, որը հասանելի կը լինի մեր հայրենակիցներին աշխարհով մէկ»,- տեսակէտ յայտնեց Հայկակ Արշամեանը։ Քննարկման աւարտին, «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը երեք թերթերի անունից շնորհակալութիւն յայտնեց Հիմնադրամի տնօրէնին եւ յաջողութիւն մաղթեց այս ծանր աշխատանքում»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am