Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Armenpress 15:08, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն 2020 թվականի օգոստոսի 14-ին այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հանդիպումը նախաձեռնել էր տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը: Մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։

Ողջույնի խոսքում ԱրթուրԱսոյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական գործառույթները պատշաճ կազմակերպելու համար, նաև կարևորել ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում հանդիպող խնդիրների ու խոչընդոտների վերհանումը, գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները։

Գնել Հասրաթյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքն ու ժամանակացույցը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները և այլ հաշվետվություններ։

Քննարկվել են ԲԸՏՄ կառավարման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր, դոնոր կազմակերպությունների հետ նախատեսված ծրագրերի ուղղությունները, համագործակցության ռազմավարությունը, բյուջետային ֆինանսավորման մի շարք հարցեր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am