Պարտավոր ենք ապրել բնության հետ ներդաշնակ. Ռոմանոս Պետրոսյանը հորդորներ է հղել քաղաքացիներին

Armenpress 12:29, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը քաղաքացիներին խնդրում և հորդորում է հոգատար վերաբերմունք ցույց տալ բնության և շրջակա միջավայրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:

«Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում եմ՝ հանգստյան օրերին, և առհասարակ, ձեր կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում և այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսևորեք բարձր քաղաքացիական գիտակցություն և սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին և ո՛չ մի պարագայում աղբ մի՛ նետեք այդ միջավայր, որևէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին»,- գրել է նախարարը:

Պետրոսյանը նշել է, որ բոլորը պարտավոր են ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության հույժ պատասխանատու կանոններով ու մեր կենսակերպի՝ խիստ անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։

«Իմ մասով տեղեկացնում եմ, որ արդեն իսկ ամբողջապես կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաև բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմխնի կամ դատական կարգով»,- նշել է Պետրոսյանը:

Նախարարը հավելել է, որ օգոստոսի 15-ին էլ աշխատանքային շրջայց է կատարում «Դիլիջան ազգային պարկում»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am