Գառնու խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը ավարտվելու է այս տարի

Armenpress 21:30, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինասավորմամբ իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի` խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։

«Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովի նորոգում:

Աշխատանքների ավատից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա: Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:

Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am