Գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին կտրամադրվի անտոկոս վարկ

Armenpress 14:38, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը  գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին անտոկոս վարկային միջոցներ կհատկացնի, որոնք կազմակերպության կողմից կօգտագործվեն մթերված խաղողի համար ֆերմերային տնտեսություններին վճարելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության 24-րդ միջոցառման վերաբերյալ:

«Թիրախավորել ենք խաղողի մթերումների ժամանակահատվածում գործունեություն ծավալող կազմակերպություններին, և դրանց միջոցով մեր ֆերմերային տնտեսություններին օգնություն տրամադրելու հարցը: Այս միջոցառումն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին։ Խաչատրյանի պնդմամբ՝ սա արվում է այն բանի համար, որպեսզի յուրաքանչյուր վաճառքի դեպքում, կազմակերպությունն իր ֆինանսական վիճակի պատճառով չուշացնի վճարումները:

«Կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ կհատկացնի, որոնք կազմակերպության կողմից կօգտագործվեն մթերված խաղողի համար ֆերմերային տնտեսություններին վճարելու համար։ Այնուհետև կազմակերպությունը երկու տարվա ընթացքում այդ վարկային միջոցները կվերադարձնի Կառավարությանը»,- խնդրի էությունը ներկայացրեց նախարարը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այս տարին նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին, և թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառի ծավալների զգալի կրճատում։ Այդ վաճառքները կրճատված են առավել քան 30%-ով։

«Երբ վաճառքի ծավալները կրճատվում են, դա մի կողմից հանգեցնում է նրան, որ կրճատվում են կազմակերպությունների դրամական եկամուտները, իսկ մյուս կողմից՝ բանկային համակարգն է ավելի զգուշավոր դառնում այդ կազմակերպությունները վարկավորելու հարցում»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ Կառավարությունը հենց այդ պատճառներից ելնելով է արտոնյալ վարկեր տրամադրել՝ նպատակ ունենալով բոլոր կազմակերպություններին ապահովել բավարար միջոցներով, որպեսզի վերջիններս կարողանան  ամբողջությամբ վճարել մթերված խաղողի համար:

Խաչատրյանը նշեց, որ առաջին էական փոփոխություններից մեկն այն է, որ վարկի առավելագույն չափը 1.8 մլրդ դրամից սահմանվել է 3 մլրդ դրամ:

«Երկրորդ փոփոխությունն էլ այն է, որ մարման 18 ամիս ժամանակահատվածը փոխարինվել է 24 ամսով: Երրորդ էլ այն է, որ մայր գումարը վճարելու համար արտոնյալ ժամանակահատվածը սահմանվել է 3-6 ամիս՝ նախկին 2-3 ամսվա փոխարեն: Եվս մեկ փոփոխություն է տեղի ուենցել՝ կոնյակ, կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունները որոշակի քանակը գերազանցող արտադրանքի արտահանման դեպքում վճարում էին պետական տուրքի գումար, սակայն այժմ, մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում այդ գումարները վճարելուց հետո մի քանի օրվա ընթացքում կվերադարձվեն նույն կազմակերպություններին, որպեսզի նրանք այդ գումարներն օգտագործեն իրենց բնականոն գործունեությունն իրականացնելու համար»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նախարարը նշեց, որ նախորդ տարի տրված վարկերի մարման համար, որոնց ամբողջական մարման վերջնաժամկետը հոկտեմբեր ամիսն է, երեք ամսով երկարաձգվում է դրանց սուբսիդավորման արտոնյալ ժամանակահատվածը՝ հոկտեմբերից տեղափոխելով դեպի դեկտեմբեր:

Նա շեշտեց, որ այսպիսով հնարավորություն է տրվում կազմակերպություններին՝ արտոնյալ պայմաններով վերազինվել և ձեռք բերել տեխնիկա և միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց գործունեությունը ծավալելու համար։ Խաչատրյանն ասաց, որ այն կազմակերպությունները, որոնք կորոշեն մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը վերազինել իրենց տեխնիկական հնարավորությունները, մինչև 1 մլրդ դրամ կստանան։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am