1000х90.jpg (78 KB)

Սննդամթերքի անվտագության ոլորտում COVID-19-ի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված.ՍԱՏՄ

Armenpress 11:12, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, կարևորելով երկու երկրներում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հատկապես կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մարտահրավերները՝ պատասխանատուները խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ անցկացնելու ու համաձայնեցնելու անհրաժեշտության մասին:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը պատրաստակամություն է հայտնել Արցախում արտադրված գյուղմթերքը սննդամթերքի անվտանգության համաշխարհային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտահանման ոլորտում դրա մրցունակության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի համատեղ իրականացման հեռանկարները: Այս համատեքստում՝ ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպանդանոցների կառուցման, սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների և այս պահին առկա շոշափելի արդյունքների մասին: Նա կարևորել է միջազգային մի շարք սկզբունքների համատեղ կիրառումը հայկական երկու հանրապետություններում, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրության շղթայի դիտարկումը որպես մեկ միասնական ամբողջություն:

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գլխավոր պատասխանատուն նաև պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմանավորված վերահսկողական աշխատանքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը:

Գեորգի Ավետիսյանը, Արթուր Ներսիսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի հետ այցելել են նաև ԱՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ, ծանոթացել առկա ներուժին ու խնդիրներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում արցախցի մասնագետների վերապատրաստվելու մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am