Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 276 նոր դեպք․ ապաքինվել է 267, մահացել 5 քաղաքացի

Armenpress 11:08, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1465 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ`181962 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 814 (ավելացել է ևս 5-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 83, 82, 78 տարեկան տղամարդիկ և 69, 70 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am