1000х90.jpg (78 KB)

Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները

Armenpress 09:06, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորական լիազորությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Թանդիլյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- նշել է Թանդիլյանը:

 Նա շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Թանդիլյանը նաև շնորհակալություն է հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն է ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որ որևէ հիասթափության առիթ է տվել: «Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ»,- գրել է նա` տեղեկացնելով, որ տասը օրից ապաակտիվացնելու է սոցիալական ցանցի իր էջը։

Թանդիլյանը 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։Նա 2018 թվականի մայիսի 12-ից մինչև նոյեմբերի 14-ը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Մանե Թանդիլյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ) ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am