ՍԱՏՄ ղեկավարն այցելել է Կարճաղբյուրում գորղող ձկնաբուծարան

Armenpress 22:05, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում գործունեություն ծավալող «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր: «Նա շեշտել է սահմանված անասնաբուժասանիտարական անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանման, վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովության, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացման կարևորությունը: Պարոն Ավետիսյանը նաև պատրաստակամություն է հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում աջակցել արտահանման հարցում:

Հայաստանում գործող ձկնատնտեսություններում ամեն տարի անցկացվում են մշտադիտարկումներ՝ խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով: Մշտադիտարկումներ կիրականացվեն նաև այս տարի»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am