Սննդի շղթայի միայն մեկ կազմակերպություն է խախտել պարետի որոշումների պահանջները

Armenpress 21:45, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների օգոստոսի 13-ին իրականացրած լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են մինչ այդ չգրանցված դրական իրավիճակ. մարզերում դիտարկված ընկերություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Սննդի ոլորտի բիզնես ներկայացուցիչները նաև Երևանում են դրսևորել պատասխանատվություն և զգոնություն ՀՀ պարետի՝ կորոնովիրուսի կանխարգելմանն ուղղված որշումների պահանջների պահպանման հարցում:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ արձանագրել են միայն Վահագնի թաղամասում գործող հանրային սննդի կետում, որտեղ որոշ սեղանների վրա չեն եղել ախտահանիչ միջոցներ, սանհանգույցում բացակայել է փակ աղբամանը օգտագործված դիմակների համար, չի վարվել ախտահանման գրանցամատյան. պարետատուն կներկայացվի կասեցման միջնորդություն:

«Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արդեն կայուն արձանագրվող դրական արդյունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am