1000х90.jpg (78 KB)

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է «թուրքական բաժնեմասի» մասին իրավաբանի արձագանքը

Armenpress 18:40, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է ընկերության, այսպես կոչված «թուրքական բաժնեմասի» առնչությամբ տարածվող տեղեկությունների վերաբերյալ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Արմեն Մելքումյանի արձագանքը` այդ տեղեկություններն անվանելով միտումնավոր տարածվող  անհեթեթություն: «Արմենպրես»-ը ներկայացնում է արձագանքն ամբողջությամբ: 

«Գոյություն չունեցող «թուրքական բաժնեմասի» մասին. հանրության մեջ որպես իրավաբան-բնապահպան հանդես եկող Նազելի Վարդանյանը, Լիդիանի մասին տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Տիկին Վարդանյանը հայտարարել է, որ Լիդիանի բաժնետոմսերի 41% ը պատկանում է թուրքերին։ Նշեմ, որ սա բացարձակ սուտ է։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ սկզբում ակտիվիստ-բնապահպանները խոսում էին 40 թուրք բաժնետերերի մասին, հիմա արդեն 40 թուրքը դարձավ 41%, վաղը նրանք նույն հաջողությամբ կխոսեն 400%-ի կամ 4000 թուրքի մասին։ Իրականությունն այն է, որ ցանկացած գրագետ մարդ, կարող է բաց աղբյուրներից տեղեկանալ, որ «Լիդիան Արմենիա»-ի 100% բաժնետերը ընկերության վերակազմավորման արդյունքում դարձել է Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությունը, որը պատկանում է խոշոր ամերիկյան եւ կանադական ներդրումային ֆոնդերի։ «Լիդիան ինթերնեյշնլ»-ը, որը Ամուլսարի շուրջ տևական ապօրինությունից հետո ստիպված եղավ ապացուցակվել, ուներ շուկայում վաճառվող 750 միլիոն բաժնետոմս։ Ինչպես և Հայաստանում գործող մի քանի այլ միջազգային կազմակերպություների՝ բանկերի, հեռահաղորդակցման ընկերությունների դեպքում, հազարավոր անհատներ կարող էին շուկայից գնել եւ վաճառել ընկերության բաժնետոմսեր, չունենալով ոչ մի մասնակցություն ընկերության կառավարմանը։ 

Այն ժամանակ նույնպես Լիդիանի կառավարիչ փաթեթը պատկանում էր խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային ֆոնդերին։ Այժմ՝ ապացուցակումից հետո, ընկերությունը չունի շուկայում վաճառվող բաժնետոմսեր, «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի բաժնետոմս ունեցող հազարավոր անհատներից և որեւէ մեկը, ո'չ նախկինում, ո'չ հիմա, չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը։ Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը, ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար հասանելի տեղեկատվությունը և, ըստ էության, տարածել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ։ Նման տեղեկատվության տարածումը հավասարազոր է նրան, որ օրինակ՝ որևէ անձ պնդի, թե իբրև բնապահպան-ակտիվիստների որոշակի շրջանակ օգտվում է բացառապես թուրքական ապրանքներից, կամ նրանցից մեկի ընտանիքին պատկանող գարեջրատունը կահավորված է բացառապես Թեղուտում կտրտված անտառանյութից, կամ Ամուլսարի դեմ նրանք պայքարում են բացառապես Ադրբեջանի տնտեսական շահերի սպասարկման շրջանակներում։ Բայց քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատասխանատու է իր կողմից հրապարակվող տեղեկությունների իսկության համար, ուստի տարածում է բացառապես իրականությանը համապատասխանող տեղեկատվություն: 

Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 10.06.2020թ. կայացված վճռով Նազելի Վարդանյանի կողմից ընկերության վերաբերյալ նախկինում տարածված տվյալները համարվել են զրպարտություն»,-ասված է գրառման մեջ:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am