Դատապարտյալների համար անցկացվում են խոհարարական դասընթացներ

Armenpress 15:40, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օգոստոսի 6-ին և 7-ին մեկնարկել են դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար՝ ըստ մասնագիտացումների: Խոհարարական դասընթացին մասնակցում է շուրջ 25 դատապարտյալ:  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացաթխման դասընթացներն իրականացվում է տեխնոլոգի կողմից: Այս դասընթացին մասնակցում է 5 դատապարտյալ:

Դասընթացների իրականացման գաղափարը կյանքի է կոչվել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության արդյունքում:

Դասընթացը հաջող ավարտած մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել թե՛ պատժի կրման ընթացքում, թե՛ պատժի կրումից ազատվելուց հետո: Դասընթացներն ունեն և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներ: Դասընթացները տևելու են շուրջ մեկ ամիս, իսկ ավարտին գնահատման հանձնաժողովը փորձելու է դատապարտյալների պատրաստածը և ըստ այդմ՝ տրամադրելու դասընթացը հաջողությամբ ավարտելու վկայականներ:

Հատկանշական է, որ դասընթացներում ներգրավվել են և՛ որոշակի ժամկետով, և՛ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ հիմքում ունենալով դատապարտյալների նկատմամբ հավասար վերաբերմունքի ցուցաբերման և ամրապնդման գաղափարը:

Օգոստոսի 12-ին Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հետևելու դասընթացներին և զրուցելու դասընթացի մասնակիցների հետ: Դասընթացների մասնակիցների խոսքով սա հիանալի հնարավորություն է նոր հմտություններ ձեռք բերելու և դրանով իսկ օգտակար զբաղվածություն ապահովելու համար:  Նրանցից շատերն արդեն իսկ իրենց տեսնում են խոհարարի դերում և մեծ ոգևորությամբ ցանկանում են յուրացնել տրված գիտելիքը:

Արդարադատության նախարարությունը վերահաստատում է իր մոտեցումն առ այն, որ դատապարտյալներին օգտակար զբաղվածությամբ ապահովելը նրանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է, և շարունակելու է քայլեր ձեռնարկել օգտակար զբաղվածության ապահովման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am