Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը հետևել է համայնքային ենթակառուցվածքների շինաշխատանքներին

Armenpress 10:45, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցի շրջանակներում մարզի Բյուրեղավան, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն և Ջրվեժ համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու 2020 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին և համայնքների ղեկավարների հետ քննարկելու ընթացիկ ծրագրերն ու խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, Բյուրեղավան համայնքում Առնակ Ավետիսյանը խորհրդականների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է քաղաքային պոլիկլինիկայի շինհրապարակ, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս պահին լայն թափով ընթանում են վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքները:

Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում շինաշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պոլիկլինիկայի առաջին հարկում կատարվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և ամբողջ շենքի սանհանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Բացի նշված ծրագրից, ՀՀ կառավարության 2020 թվականի սուբվեցիաների շրջանակներում խոշորացված այս համայնքում ևս երեք ծրագրեր են նախատեսված, մասնավորապես՝ Բյուրեղավանում կբարեկարգվեն ճանապարհներ, Նուռնուսում կկառուցվի համայնքային կենտրոն, Ջրաբերում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:

Հաջորդիվ փոխմարզպետն այցելել է Մայակովսկի համայնքի մանկապարտեզ, որտեղ այս տարվա  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջովին բարեկարգվում է բակային հատվածը:

Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը Կոտայքի մարզպետի առաջարկությամբ ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, և մասնաշենքը ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է անցյալ տարի:

Առնակ Ավետիսյանը շրջել է մանկապարտեզի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ինչպես Բյուրեղավանում, այստեղ ևս փոխմարզպետը ևս մեկ անգամ ընդգծել է որակյալ աշխատանքների և վերջնաժամկետների խստիվ պահպանման  անհրաժեշտությունը և հորդորել՝ անել առավելագույնը մեկնարկած աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու նպատակով:

Աշխատանքային այցի օրակարգով նախատեսված հաջորդ համայնքը Կամարիսն էր, որտեղ փոխմարզպետը ծանոթացել է այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման և խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներին:

Առնակ Ավետիսյանը նշել է, որ ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման այս ծրագիրը պետություն-համայնք- մասնավոր հատված ձևաչափով համագործակցության փայլուն օրինակներից  է և այն վարակիչ պետք է լինի նաև այլ համայնքներում՝ սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

Ճանապարհին Առնակ Ավետիսյանը նաև այցելել է «Ռոք Բերրի» ընկերություն, ծանոթացել ջերմոցային տնտեսության պայմաններին ու հնարավորություններին: Փոխմարզպետին ներկայացվել է, որ ընկերությունն այս տարի նախատեսում է ընդլայնել տարածքը, ինչով  պայմանավորված էլ՝ արձանագրել արտադրանքի ծավալների զգալի աճ:

Գեղաշեն համայնքում էր Առնակ Ավետիսյանի հաջորդ այցը: Փոխմարզպետը Գեղաշենում եղել է հիմքից կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում, որտեղ շինարարությունն արդեն ավարտին է մոտենում: Այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել կառավարություն, որն էլ հաստատվել էր և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում: Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։

Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն է դառնում արդեն այս տարվա սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Գեղաշենում Առնակ Ավետիսյանը այցելել է նաև համայնքի միջնակարգ դպրոց:

Մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի կողմից Գեղաշենի միջնակարգ դպրոցին է հատկացվել շուրջ 6,4 մլն դրամ՝ մարզադահլիճի հատակի փոխարինման և արդյունքում՝ վինիլային հատակի տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Հագեցած օրակարգով աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը Ջրվեժում էր, ինչպես նաև Զովք և Ձորաղբյուր բնակավայրերում: Փոխմարզպետը նախ այցելել է Զովքի մանկապարտեզի տարածք, որը երկար տարիներ չի գործում. տարիների ընթացքում շենքը խարխլվել է և այլևս պիտանի չէր ծառայելու որպես մանկապարտեզ: Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ՝ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում մանկապարտեզի շենքը կապիտալ կհիմնանորոգվի:

Զովքում Առնակ Ավետիսյանը ծանոթացել է նաև համայնքի դպրոցում իրականացված շինարարական աշխատանքներին, որի շրջանակում փոխվել է դպրոցի տանիքը: Փոխմարզպետն այնուհետ եղել է Ձորաղբյուր բնակավայրում և ծանոթացել կրկին սուբվենցիայի շրջանակում իրականացվող ջրագծերի անհատական միացումների և ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքներին:  Արդյունքում համայնքի շուրջ 300 տնտեսությունների կմատակարարվի որակյալ և առանց կորուստների խմելու ջուր:

Այցի ավարտին Առնակ Ավետիսյանը Ջրվեժ համայնքի ղեկավարի հետ դիտարկել է այն հատվածը, որտեղ  կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի շենք է կառուցվելու:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am