ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում

Armenpress 17:45, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության. թղթ. կողմ.) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Խմբակցության անդամը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների մեղմացումը հնարավոր կլիներ անել նաև Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքում որոշ փոփոխություններով, ինչը հնարավորություն կտար չերկարաձգելու արտակարգ դրությունը:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1710 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 179032 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am