Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Armenpress 14:22, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրա դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նախագահն ասել է կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պետականորեն գրանցելու մասին:

«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Այս առումով նա մասնակցել է փորձին: Առաջին պատվաստումից հետո նրա ջերմությունը եղել է 38, հաջորդ օրը մի փոքր բարձր 37-ից և վերջ»,- նշել է Պուտինը:

Նախագահը հավելել է, որ երկրորդ պատվաստումից հետո ևս մարմնի ջերմությունը մի փոքր բարձրացել է, հետո իջել: Վլադիմիր Պուտինի աղջիկն այժմ իրեն լավ է զգում:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ շատ մարդկանց մոտ պատվաստումից հետո որևէ գանգատ չի առաջանում, այդ թվում՝ ջերմության բարձրացում:

«Ամեն ինչ անցնում է այնպես, կարծես ոչինչ չեն էլ արել»,- ասել է նախագահը:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am