Twitter-ը հայտնել Է Բելառուսում ծառայության աշխատանքի խափանումների մասին

Armenpress 21:54, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Twitter ընկերությունը օգոստոսի 10-ին հայտարարել է Բելառուսում ծառայության աշխատանքի խափանումների մասին՝ ի պատասխան ընդդիմության բողոքների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերությունից հայտել են Բելառուսում Twitter-ի արգելափակման ու խափանման մասին՝ ի պատասխան ընտրությունների արդյունքների դեմ բողոքի:

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 9-ին։ Պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, հավաքել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Կիրակի երեկոյան Բելառուսի մի շարք քաղաքներում զանգվածային չարտոնված բողոքի ակցիաներ են սկսվել։ Մինսկի կենտրոնում ցուցարարները աղբամաններից բարիկադներ էին կառուցում։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ է կիրառել, ինչպես նաև ցուցարարներին դուրս է մղել քաղաքի կենտրոնից: Ընդդիմության ակցիայի արդյունքում ձերբակալվել է 3 հազար մարդ, տուժել է մոտ 100 մարդ, զոհեր չկան։ Այս մասին հաղորդել է Բելառուսի ՆԳՆ-ն:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am