«Շիրակ»-ը մարտական է տրամադրված «Ստյաուա»-ի դեմ խաղին

Armenpress 20:22, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով Եվրոպայի լիգայում հայկական ակումբի մրցակից  «Ստյաուան»-ն բարձրակարգ թիմ է:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը՝ և հատկապես «Ստյաուան», գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված, տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք մեծ փորձ եվրագավաթային հանդիպումներում, այս հանդիպմանն էլ կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ հանդիպումներին: Այս պահին հնարավոր է ունենանք որոշակի համալրումներ տարբեր խաղային դիրքերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դավթյանի խոսքով` իմանալով մրցակցին Գյումրու ակումբն ավելի նպատակային ու թիրախավորված կուսումնասիրի այդ թիմի ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ուժեղ և թույլ կողմերը:

Եվրոպայի լիգայի որակավոր առաջին փուլում «Շիրակ»-ը օգոստոսի 27-ին Բուխարեստում կմրցի «Ստյաուա»-ի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am