Լիբանանի հայ նախարարը կպահանջի կառավարության հրաժարականը

Armenpress 15:28, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը:

Օհանյանը նշել է, որ կառավարության հրաժարականը պահանջելու է գործադիրի առաջիկա նիստում: Հրաժարականի պահանջը կապված է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքների հետ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա և շուրջ 300 վիրավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am