ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

Armenpress 16:59, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Մասնավորապես Չարենցավան քաղաքում կասեցվել են շինանյութի խանութների և բենզինի ու գազի լցակայանների գործունեություն, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Առինջ համայնքում կասեցվել է շինանյութի վաճառքով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որոնց մոտ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am